Թրամփը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ազատել բոլոր պատանդներին մինչեւ շաբաթ օրը, այլապես «դժոխք կսկսվի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումից պահանջել է մինչեւ շաբաթ կեսօր ազատ արձակել բոլոր պատանդներին, հակառակ դեպքում Գազայի հատվածում հրադադարը կխախտվի։ Այս մասին նա հայտնել է երկուշաբթի Սպիտակ տանը, լրագրողների հետ զրույցում։

«Եթե նրանց չվերադարձնեն մինչեւ շաբաթ օրը ժամը 12:00-ն, ես կարծում եմ, որ ժամանակն է չեղարկել ողջ [պայմանավորվածությունը], եւ դժոխքը կսկսվի: [Սա կլինի նաեւ], եթե նրանց միասին չվերադարձնեն, այլ երկու-երկու կամ մեկ-մեկ»,- ասել է նա։

Նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինչ կանի ԱՄՆ-ը, եթե ՀԱՄԱՍ-ը չկատարի այս պահանջը։ «Կտեսնենք, թե ինչ կլինի», – ասել է Թրամփը։

Երկուշաբթի օրը ՀԱՄԱՍ-ի ռազմական խոսնակ Աբու Ուբայդան հայտնել է, որ շարժումը հետաձգել է Գազայի հատվածում պատանդների նոր խմբի ազատ արձակումը, որոնք պետք է տուն վերադառնային փետրվարի 15-ին։ ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ Իսրայելը խախտել է գործարքի պայմանները, երբ «ձգձգել է տեղահանված անձանց վերադարձը անկլավի հարավից հյուսիս, Գազայի բնակիչների դեմ կրակ է բացել եւ չի կարողացել ապահովել հումանիտար օգնության բոլոր տեսակների մատակարարումն անհրաժեշտ ծավալներով»։

ajax-loader