Հայաստանի կառավարությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման նպատակով վարկի ներգրավման համար կարող է պետական երաշխիք տրամադրել, Ֆինանսների նախարարությունն այժմ ուսումնասիրում է հանքը շահագործող «Լիդիան Արմենիայի» տրամադրած փաստաթղթերի փաթեթը, որից հետո կկայացնի որոշումը: Այդ մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Որպեսզի պետական երաշխիքի համար կամ բյուջետային վարկի համար որևէ մեկը դիմի, պետք է որոշակի փաստաթղթեր պատրաստի: Հիմա «Լիդիան»-ից մեր գործընկերներն այդ փաթեթը տրամադրել են: Եվ Ֆինանսների նախարարությունը հիմա ուսումնասիրում է այդ փաթեթը»,-ասաց նախարարը:
Նա հույս հայտնեց, որ ուսումնասիրությունը կարճ ժամկետում կավարտեն ու եզրակացություն կտան:
«Եվ, եթե դա լինի դրական, ապա պետությունը կտրամադրի այդ երաշխիքը»,-ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նախարարի՝ հանքի շահագործումը կարևոր դեր է խաղալու հաջորդ տարվա և ապագա տարիների տնտեսական աճի ցուցանիշներում: Կառավարությունն աճի իր կանխատեսումներն անելիս հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ հաջորդ տարվա կեսերից Ամուլսարի հանքն արդեն պետք է գործարկվի:
Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր, որ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ)՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վարկավորման հայտը մերժելուց հետո քննարկումներ են ընթանում Հայաստանում գործող առևտրային բանկերի հետ։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ