Բագրատաշեն գյուղի Մկրտիչ Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցն օրերս կազմակերպեց Ձիթենու փառատոն։ Մեր երկրում ձիթապտուղ աճում է բացառապես հանրապետության այս տարածքում՝ Բագրատաշենում։ Դրա համար էլ Խորհրդային միության շրջանում համայնքի մի մասը կոչվել է «Զեյթուն» ավան։

Փառատոնի նպատակն է՝ բացահայտել համայնքի զարգացման հնարավոր ուղիները, ներկայացնել տարածաշրջանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների հաջողված փորձը, մոտիվացնել երեխաներին՝ հետագայում մնալու և շենացնելու գյուղը։

«Հայստանի քաղաքացիներն այնքան էլ տեղյակ չեն, որ մեր երկրի հյուսիս-արևելյան շրջանում ձիթենու բազմատեսակ այգիներ կան։ Ցանկանում ենք մեր ամենակարևոր այցեքարտերից մեկը դարձնել ձիթենին այս տարախծաշրջանում»,- ասաց Մկրտիչ Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Զարուհի Անտոնյանը։

Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը նշեց, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո մնացել էր մոտ 50 հեկտար ձիթենու այգի և ևս տասը՝ անմխիթար վիճակում։ Ներկայում, սակայն, պատկերն այլ է։
«Ամբողջությամբ վերականգնել ենք հին այգիները, հիմնել ենք նորերը։ Արդեն 100 հեկտարից ավելի ձիթապտղի տարածք ունենք, վերամշակում ենք, ստեղծում մեր արտադրանքը»,- ասաց նա։

Միջոցառմանը մասնակցեցին նաև համայնքի ձեռներեցները՝ ներկացնելով իրենց արտադրանքը, արվեստի ներկայացուցիչներ, համայնքի մշակութային ու սպորտի խմբերը, հյուրեր Նոյեմբերյանից և Տավուշի մարզկենտրոնից։

Ձիթենու փառատոնին ներկաների համար օրն անմոռանալի տոնի վերածեցին տարաբնույթ վարպետաց դասերն և համերգային ծրագիրը։ Նախատեսվում է Բագրատաշենում այն դարձնել ամենամյա տոնական միջոցառում։









