08 March 2022, Russia, St. Petersburg: The logo of the energy company Gazprom is seen on a plant of the Russian state-owned corporation in St. Petersburg. Photo: Stringer/dpa (Photo by Stringer/picture alliance via Getty Images)

Եվրոպայում առաջին անգամ «Գազպրոմի» փողերն առգրավել են գազային պայմանագրերի խախտման պատճառով

«Գազպրոմի» փողերն առաջին անգամ առգրավվել են Եվրոպայում բազմամիլիարդ հայցերի շրջանակում, որոնք տրվել են ռուսական ընկերության դեմ 2022թ. գազի մատակարարումները դադարեցնելու պատճառով։

Գերմանական Uniper կոնցեռնը, որը նախկինում ռուսական գազի խոշոր գնորդն էր, ստացել եւ կառավարությանն է փոխանցել 530 մլն եվրո «Գազպրոմի» հետ վեճի շրջանակում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Uniper-ի հաշվետվությանը։

Այդ միջոցները Գերմանիայի գանձապետարանն ստացել է որպես փոխհատուցում ֆինանսական օգնության համար, որը գերմանական կառավարությունը ցուցաբերել է Uniper-ին, երբ նա մնացել էր առանց գազի կարեւոր մատակարարի եւ քիչ էր մնացել սնանկանար։ Ընդհանուր առմամբ նրա փրկության համար հատկացվել է ավելի քան 13,5 մլրդ եվրո։

Գերմանական ընկերությունը 2022թ. վերջին հայց էր ներկայացրել «Գազպրոմի» դեմ՝ պահանջելով փոխհատուցել պայմանագրային պարտավորությունների խախտման վնասները։ 2024թ. հունիսին Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը բավարարել է հայցը եւ պարտավորեցրել «Գազպրոմին» վճարել 14 մլրդ դոլար հօգուտ Uniper-ի, ինչից հետո գերմանական ընկերությունը հնարավորություն է ստացել խզել բոլոր պայմանագրերը եւ զրոյացնել բոլոր պարտավորությունները։

Փողերը, որոնք փոխանցվել են գերմանական կառավարության հաշիվներին, Uniper-ի վճարումն է «Գազպրոմին» 2022թ. օգոստոսի համար, նշել է գերմանական կոնցեռնի նախկին ֆինանսական տնօրեն Յութա Դոնգեսը։ Uniper-ը այդ միջոցները չի փոխանցել «Գազպրոմին», քանի որ վերջինը հրաժարվել է գազ մատակարարել պայմանագրային ծավալներով, իսկ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում դատը շահելուց հետո իրավունք է ստացել օգտագործել դրանք, որպեսզի մարի պարտքերը կառավարությանը։

Մոտ 19 ընկերություններ եվրոպական 11 երկրներից հայցեր են ներկայացրել ռուսական գազային մոնոպոլիայի դեմ գազային պայմանագրերի խախտումների պատճառով, իսկ դրանց ընդհանուր գումարը հասել է 18,6 մլրդ եվրոյի կամ 20,6 մլրդ դոլարի։

Uniperի հայցից բացի մոտ 1 մլրդ դոլար «Գազպրոմից» պահանջում է գերմանական մեկ այլ գազի ներմուծող՝ RWE-ն, որը  տարեկան 1մլրդ խորանարդ մետր գազ է ստացել։ Ֆրանսիական Engie-ին հայց է ներկայացրել արբիտրաժ՝ «Գազպրոմից» պահանջելով ավելի քան 300 մլն եվրո։ Ավստրիայում «Գազպրոմի» դեմ հայց է ներկայացրել OMV ամենամեծ կոնցեռնը՝ 575,3 մլն եվրո։

«Գազպրոմի» դեմ հայցեր են ներկայացրել իտալական Eni-ն (գումարը չի նշվում), լեհական Europol Gaz-ը (1,5 մլրդ եվրո), չեխական Net4gasը եւ Innogy Energie-ն (200 մլն եվրո), շվեյցարական գազային DXT Commodities եւ Axpo Solutions թրեյդերները (մոտ 1 մլրդ եվրո)։

«Գազպրոմից» պահանջների ընդհանուր գումարը գերազանցել է գազի վաճառքի զուտ հասույթը բոլոր արտաքին շուկաներում միասին վերցրած. տարեկան 10 մլրդ դոլար Եվրոպա եւ Թուրքիա մատակարարումներից, 7 մլրդ դոլար Չինաստան մատակարարումներից եւ 2 մլրդ դոլար ԱՊՀ երկրներ եւ Կենտրոնական Ասիա արտահանումից՝ ըստ БКС տվյալների։

ajax-loader