Կանադայի կառավարող Լիբերալ կուսակցության պատգամավորները վստահության քվե են տվել իրենց առաջնորդին՝ վարչապետ Ջասթին Թրյուդոյին կուսակցության Օտտավայում կայացած համագումարում։
«Լիբերալ կուսակցությունն ուժեղ է եւ միասնական»,- ասել է Թրյուդոն լրագրողներին համագումարից հետո։ Նա չի շարունակել շփումը մամուլի հետ։ Լրագրողները նման ակնարկներ լսել են նաեւ այլ լիբերալներից, որոնք դուրս էին գալիս համագումարի դահլիճից։
СВС ռադիոկայանի աղբյուրների տվյալներով՝ Թրյուդոյի հրաժարականի պահանջը ստորագրել էին 153 պատգամավորից (որոնք ներկայացնում են Կանադայի Լիբերալ կուսակցությունը խորհրդարանում) 24-ը։
Մինչ այդ CTV հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ համագումարում Թրյուդոյի հրաժարականը կուսակցության առաջնորդի պաշտոնից կպահանջեն նրա 30 կուսակիցներ։
Թրյուդոն եւ Լիբերալ կուսակցությունը 2023 թվականից սկսել են կորցնել հայրենակիցների աջակցությունը գների շարունակվող աճի եւ կենսամակարդակի թանկացման ֆոնին։ СВС հեռուստաալիքի վերջին սոցհարցման արդյունքներով՝ վարչապետի անձնական վարկանիշը այժմ կազմում է 23,1 տոկոս, այն դեպքում, երբ ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդ Պիեռ Պուալեւրի վարկանիշը կազմում է 42,6 տոկոս։
Սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի սկզբին պահպանողականները երկու անգամ նախաձեռնել են Թրյուդոյին անվստահության քվե հայտնելու քվեարկություն, բայց նրանց չեն աջակցել մյուս երկու ընդդիմադիր կուսակցությունները։