Ուսումնական տարվա մեկնարկին նոր դասագրքերի խնդիր չի լինի. նախարար

Այս ուսումնական տարվա մեկնարկին դպրոցներում նոր դասագրքերի հետ կապված խնդիր չի լինի, տպագրությունն ամբողջությամբ իրականացվել է, մի մասն արդեն դպրոցներում է, մյուս մասը կհասնի մինչև շաբաթվա վերջ: Այդ մասին վստահեցրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարին հարցրեց, թե ինչքանո՞վ են պատրաստ նոր ուսումնական տարվա մեկնարկին:

«Այս տարի մեզ համար նույնպես լինելու է բարդ, որովհետև նոր չափորոշչի ներդրման գործընթացում ենք: Եվս 4 դասարանում՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում ներդրվելու է նոր չափորոշիչը, դրանք կգումարվեն նախորդ տարվա 3 դասարաններին: Այսպիսով՝ 12 դասարանից 7-ում կաշխատենք նոր չափորոշչով»,-ասաց Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ քանի որ կա նախորդ տարվա փորձը, դպրոցներին ավելի հեշտ կլինի դա իրականացնելը:

Ամբողջությամբ իրականացվել է նոր դասագրքերի տպագրության գործընթացը: «Կարծում եմ, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, մենք նաև ժամանակային որևէ ձգձգում չենք ունենա: Դասագրքերի մեծ մասն արդեն դպրոցներում է, մնացած մասը կհասնի մինչև այս շաբաթվա վերջ: Եվ սեպտեմբերի հենց առաջին օրվանից երեխաները կկարողանան ամբողջական փաթեթով իրականացնել իրենց դասապրոցեսը»,-ասաց նա:

Նախարարի վստահեցմամբ՝ նախապատրաստական մնացած բոլոր աշխատանքները ևս իրականացվել են, այս իմաստով ուսումնական տարին հաջող սկսելու որևէ խոչընդոտ չկա:

ajax-loader