Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էին նաև «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, «Ռուսական երկաթուղիներ»-ի և ՀԿԵ ընկերության, ինչպես նաև՝ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից, ՏԿԵ նախարարությունում կայացած հանդիպման մեկնարկին նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Պավլովսկուն՝ մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասված երկաթուղու աշխատանքն արագ վերականգնելու հարցում երկաթուղայինների կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կոնցեսիոն պայմանագրի մեջ մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցեր, խոսվել է երկաթուղու աշխատանքի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտության մասին, համաձայնեցվել են մի շարք դրույթներ։