Հութիները հայտնել են Իսրայելին հարվածելու «պատրաստվածության ամենաբարձր մակարդակի մասին»

Հութիների ուժերի հրամանատարությունն արդեն որոշել է հրեական պետության թիրախները, տեղեկացրել է ապստամբների զորքերի հրամանատար Մուհամեդ Նասեր ալ-Աթիֆին։

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների ուժերը «պատրաստվածության բարձրագույն մակարդակում են»՝ հարվածելու համար Իսրայելին։ Այս մասին հայտնել է հութիների կառավարությունում պաշտպանության նախարար եւ ապստամբների զորքերի հրամանատար Մուհամեդ Նասեր ալ-Աթիֆին։

«Եմենի զինված ուժերը  պատրաստվածության ամենաբարձր մակարդակում են՝ ցավոտ հարվածներ հասցնելու համար սիոնիստական կազմավորման [Իսրայելի] խորքում։ Մենք հստակ հրահանգներ ենք ստացել այն մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետ միջոցների մասին, որոնք սիոնիստական թշնամին պարտադրում է տարածաշրջանին եւ Եմենին»,- ասել է ալ-Աթիֆին «Անսար Ալլահի» ռազմական ղեկավարության նիստի ընթացքում։ Հանդիպումը հեռարձակել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ հութիների ուժերի հրամանատարությունը պարզել է թիրախներն իսրայելական տարածքում, որոնք կարող են խոցվել հրթիռներով եւ անօդաչուներով։ «Մենք բոլորին հավաստիացնում ենք, որ սիոնիստական թշնամուն տրվելիք անխուսափելի պատասխանը մոտենում է»,- ընդգծել է ալ-Աթիֆին։

ajax-loader