Ֆիլմեր, համերգներ, ներառական ճամբար. մեկնարկել է «Ֆրեսկո» փառատոնը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը մինչև օգոստոսի 27 -ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը:
Փառատոնի հանդիսավոր մեկնարկը տրվել է Վանաձորում, տեղի են ունեցել վարպետության դասեր, ֆիլմերի դիտում- քննարկումներ։
«Ինչպես յուրաքանչյուր տարի` այս տարի ևս մտածել և իրականացրել ենք այնպիսի ծրագրեր որոնք կակտիվացնեն մարզային մշակութային կյանքը։ Ծրագրերը հասանելի կլինեն նաեւ երևանյան բնակչությանը»,- նշել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը։
Լինելով ներառական փառատոն՝ Ֆրեսկոն այս տարի հյուրընկալել է «Հաշմանդամների Համառուսաստանյան և միացյալ կազմակերպությունների միություն ABIART» հասարակական ասոցիացիայի նախագահ Նատալյա Կրելին, ում հետ հետաքրքրված մասնագետները հնարավարություն կունենան մասնակցելու վարպետության դասերի, դիտել ֆիլմեր և ունենալ քննարկումներ։ Նատալյա Կրելը փառատոնի միակ հյուրը չէ, միջոցառման ընթացքում Հայաստան կժամանեն նաեւ Իտալիայի Տեռնիի կինոփառատոնի գլխավոր տնօրեն Առնալդո Կազալին և գլխավոր պատասխանատու Բեատա Գոլենսկան։
Խոսելով 2024 թվականի փառատոնային ծրագրի մասին՝ Աննա Կարապետյանն ընդգծեց, որ ծրագրերը օգոստոսի 21-25-ը կիրականացվեն Վանաձորում։ Մեծ անակնկալ է սպասվում Վանաձորի երաժշտասեր հանրությանը օգոստոսի 23-ին. Վանաձորում հանդես կգա «Թմբաթա» ֆոլկ- ռոք խումբը, իսկ ահա օգոստոսի 24-ին՝ «Հորովել» երգի-պարի անսամբլը։
Օգոստոսի 26-27-ին տեղի կունենան փառատոնի երեւանյան օրերը՝ կլինեն ֆիլմերի դիտում -քննարկումներ, վարպետության դասեր, որոնք տեղի կունենան Մոսկվային տանը ՝ հասցե Արգիշտի 7։ Փառատոնի շրջանակում իրականացվող բոլոր ծրագրերի մուտքն ազատ է։
Փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության և մարդասիրական արժեքների տարածմանը:
Ամեն տարի փառատոնն իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից կինոգործիչների, երաժիշտների, հոգևորականների, հոգեբանների, ուսանողների և այլ արվեստի ներկայացուցիչների: