Պատկերացրեք՝ մաքսային ծառայողը ստիպում է, որ քաղաքացին թմրանյութ խմի․ ՊԵԿ ղեկավարը՝ բրազիլացու մահվան մասին

Եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է գործել, ապա պետք է անպայման ենթարկվի պատասխանատվության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացած Բրազիլիայի քաղաքացուն։

ՊԵԿ նախագահը ներկայացրեց դեպքի մանրամասները։ Նրա խոսքով՝ անձը հավանաբար տեղափոխել է թմրանյութ։ Ռիսկերի համակարգը նրան թիրախավորել է և տարել զննության։ «Զննության ընթացքում դուրս են բերվել շշերը և քաղաքացին, ենթադրաբար կասկածները ցրելու համար, որոշել է, որ կարող է ապացուցել նաև խմելով։ Իհարկե, դա նորմալ ընթացակարգ չէ։ Էլի եմ ասում, եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է կատարել իր պաշտոնական պարտականությունները, ապա պետք է ենթարկվի պատասխանատվության։ Ամեն ինչ ֆիքսված է։ Տեսանյութում, բնականաբար, ամենը չի երևում, սակայն պրոցեսը հիմնականում երևում է։ Կա քրեական վարույթ։ Քննչական կոմիտեն հանգամքնները կպարզի։ Ես չեմ կարող ավելին մեկնաբանել»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Ըստ մամուլի՝ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են, որ Բրազիլիայի 30-ամյա քաղաքացի Առաուջոլիմա Լուկասը խմի այն, ինչից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է։

«Մի հատ պատկերացրեք, մաքսային ծառայողը ստիպում է, որ քաղաքացին թմրանյութ խմի։ Մի հատ էդ կադրը պատկերացրեք։ Մեկ մաքսային ծառայող բացել ա բերանը, հա ․․․ Ցավալի դեպք է տեղի ունեցել, չի կարելի էս թեմայով հումոր անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամ Բադասյանը։

Շշի պարունակությունը ստուգելու համար նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որը կպարզի, թե դա որքան կապ ունի նրա մահվան հետ։

ajax-loader