Իրանը միջուկային հարցում չի պատրաստվում դուրս գալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից

Թեհրանը մնում է իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասնակիցը և մտադիր է հասնել դրա վերականգնմանը: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։

Միջուկային զենք մշակելու մասին լրագրող Ֆարիդ Զաքարիայի հարցին ի պատասխան՝ Բաղերի Քանին ասել է, որ միջուկային զենքի արգելման՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ֆաթվան (խմբ.՝ իսլամում ինչ-որ հարցի շուրջ որոշում հոգևոր առաջնորդի կողմից) չի կարող ենթարկվել որևէ փոփոխության։

Բաղերի Քանին նշել է, որ Իրանը «միջուկային հարցում չի պատրաստվում դուրս գալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ)» և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Իսլամական Հանրապետության միջև ՄԶՉՊ-ի շուրջ երաշխիքների համաձայնագրից:

ԳՀՀԾ-ն Իրանի հետ ստորագրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «​​հնգյակի» և Գերմանիայի կողմից 2015 թվականին: 2018 թվականին այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ համաձայնագրից։ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է Վաշինգտոնը միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։ Դրա շուրջ 2021-2022 թթ. Վիեննայում անցկացված բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։

ajax-loader