Տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ

Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ։

Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել է ՀՀ բուհերի՝ 2024-2025 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության հիմնական փուլի նախնական, այդ թվում՝ օրենքով սահմանված արտոնություններ ունեցող դիմորդների արդյունքները:

Ընդունելության հիմնական փուլի նախնական արդյունքները ներկայացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը՝ հայտնելով, որ ԳԹԿ-ն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին:

Ինչպես հայտնի է, այս տարի դիմորդները հնարավորություն են ունեցել ընդունելության միասնական քննություններ հանձնել 2 անգամ՝ համաձայն ՀՀ կառավարության 597-Ն որոշմամբ սահմանված կարգի: Ըստ այդմ` միասնական քննությունների առաջին փուլը կազմակերպվել է հունվարին, իսկ երկրորդ փուլի քննություններն անցկացվել են հունիս, հուլիս ամիսներին:

Արմեն Փաշայանը տեղեկատվություն է ներկայացրել բուհերին հատկացված պետական պատվերով և վճարովի տեղերի համալրման վերաբերյալ՝ նշելով, որ թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր: Ընդհանուր տվյալներին ծանոթանալով՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ թափուր մնացած տեղերի պատկերը մտահոգիչ է:

ajax-loader