ԼՂ-ից բռնի տեղահանված 5000 մարդ հյուրանոցներում է, 1400-ն ապրում են ընդհանուր հարմարեցված վայրերում

Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 80 հազարը տեղավորվել են Հայաստանի մարզերում, մեծ մասը տեղակայվել է անհատական տներում կամ բնակարաններում, 5000 մարդ հյուրանոցներում է, 1400-ն էլ ապրում է ընդհանուր հարմարեցված վայրերում:

Այդ մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Դավիթ Առուշանյանի հարցին, թե մարզերում կան արդյո՞ք մարդիկ, որոնք մնում են վրաններում կամ մեքենաների մեջ:

Նախարարը վստահեցրեց, որ ամենօրյա ռեժիմով հաշվառում է արվում: Նախարարությունը գիտի, թե հանրապետության 10 մարզերում որքան մարդ կա: Մարզերի բնակավայրերում այս պահին մոտ 80 հազար բռնի տեղահանված հայրենակիցներ են տեղավորվել:

«Միայն առաջին օրերին եղել են որոշ ընդհանուր վայրեր, որտեղ նրանք բնակեցվել են: Այդպիսի մի վայր Արտաշատի մարզադպրոցի դահլիճն էր, որտեղ այլևս ոչ ոք չկա: Մեծ հաշվով մարդիկ հիմնականում տեղակայված են անհատական տներում, բնակարաններում: Այսօրվա դրությամբ մոտ 5000 մարդ կա հյուրանոցներում, և ընդամենը 1400 մարդ կա, որոնք ապրում են ընդհանուր հարմարեցված վայրերում: Ծրագրերն արդեն իրականցվել են, դրանք իրենց արդյունքն արդեն ցույց են տալիս: Արդեն 3000-ից ավելի մարդ հյուրանոցներից տեղափոխվել է ենթադրյալ վարձով բնակարաններ»,-ասաց Սանոսյանը:

Նա վստահեցրեց, որ իրենք մարզերում տեղակայված 80 հազար մարդու տեղը գիտեն, գիտեն, թե նրանց խնդիրներն ինչպես կարգավորել: Պետական գերատեսչություններն իրենց մասով աշխատանքներ են տանում:

ajax-loader