Եվրահանձնաժողովն Արցախին աջակցելու համար 500 հազար եվրո կտրամադրի 

Եվրահանձնաժողովը 500 000 եվրո արժողությամբ մարդասիրական օգնություն է մոբիլիզացնում՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում սրվող մարտերից տուժած մարդկանց։

«Փախչելով բռնությունից՝ հազարավոր մարդիկ այժմ ստիպված են լքել իրենց տները և օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական օգնությունը տուժածներին դրամական օգնության միջոցով կօգնի հոգալ իրենց հիմնական կարիքները, ինչպես նաև նրանց կտրամադրի ապաստան և հոգեբանական և սոցիալական աջակցություն:

Այս շտապ ֆինանսավորումը տրվում է որպես լրացում 1,17 միլիոն եվրոյի մարդասիրական օգնությանը, որը ԵՄ-ն հատկացրել է այս տարվա սկզբին՝ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը կարգավորելու համար:

Շեշտելով մարդասիրական անվտանգ մուտքի հրատապ անհրաժեշտությունը՝ Ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեշ Լենարչիչն ասաց. «Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը լուրջ հետևանքներ է ունեցել խաղաղ բնակչության համար։ Ի պատասխան՝ ԵՄ-ն մոբիլիզացնում է լրացուցիչ 500,000 եվրո շտապ մարդասիրական օգնություն՝ տեղահանվածներին աջակցելու համար: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին տեղում և պատրաստ ենք լրացուցիչ օգնություն առաջարկել։ Թեև ԵՄ-ն ողջունում է հրադադարը, ես կոչ եմ անում հակամարտության բոլոր կողմերին ապահովել մարդասիրական կազմակերպությունների անարգել և անհապաղ մուտքը։ Մենք պետք է համոզվենք, որ օգնության աշխատողները կկարողանան շտապ օգնություն ցուցաբերել կարիքավոր մարդկանց»:

Նա նշել է, որ ԵՄ-ն սերտ կապի մեջ է տեղում իր հումանիտար գործընկերների հետ և հետագա էսկալացիայի դեպքում պատրաստ է բավարարել աճող մարդասիրական կարիքները:

«Մենք աջակցում ենք մարդասիրական գործողություններին Հայաստանում և Ադրբեջանում՝ տրամադրելով ավելի քան 21 միլիոն եվրո 2020 թվականին՝ հակամարտության լայնածավալ սրացումից հետո»,- հավելել է Լենարչիչը։

ajax-loader