Հարավային Կորեայի դատախազները 5 տարվա ազատազրկում են պահանջում Samsung-ի ղեկավարի համար

Հարավային Կորեայի դատախազները նոյեմբերի 17-ին անցկացված դատական լսումների ժամանակ պահանջել են 5 տարով ազատազրկել Samsung Electronics ընկերության ղեկավար Ջեյ Լիին։ Նրան մեղադրում են հաշվապահական խարդախությունների և արժեթղթերի գների մանիպուլյացիայի մեջ։ Լին հերքում է իր հանդեպ մեղադրանքները։ Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը։

Սա վերջին դատական նիստն է առաջին ատյանի դատարանում։ Ակնկալվում է, որ դատավճիռը կկայացվի առաջիկա ամիսների ընթացքում, որով վերջ կդրվի արդեն 3 տարի շարունակվող դատավարությանը։

Սա վերջին գործն է Ջեյ Լիի դեմ։ Ավելի վաղ մեկ այլ գործի շրջանակներում նրան արդարացրել էին, ինչը նրան թույլ էր տվել պահպանել Samsung-ի գործադիր տնօրենի իր պաշտոնը։

Դատախազները նոյեմբերի 17-ի լսումներում հայտարարել են, որ 55-ամյա Լին խախտել է օրենքը, որպեսզի հնարավոր լինի իրականացնել 2015 թ․-ին 8 մլրդ դոլար արժողությամբ գործարքը, որն առնչվում էր Samsung-ի հետ փոխկապակցված ընկերությունների միաձուլմանը։

Լին և ընկերության մյուս ղեկավարները հերքել են մեղադրանքները՝ նշելով, որ միաձուլումը և դրան հաջորդող հաշվապահական գործընթացները, որոնց պատճառով մեղադրանք է ներկայացվել, սովորական կառավարչական գործունեության մի մասն են։

Նախկինում Լին դատապարտվել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Փակ Կըն Հյեին կաշառելու համար և, ընդհանուր հաշվով, 18 ամսով ազատազրկված է եղել 2017-2021 թթ․ ընթացքում։ 2021 թ․-ին նրան պայմանական վաղաժամկետ ազատել են, իսկ 2022 թ․-ին՝ ներում շնորհել։

ajax-loader