Հունաստանում ձերբակալել են «ռուսական մաֆիայի» անդամներին

Աթենքում ձերբակալվել են «ռուսական մաֆիայի» անդամներ պարագլուխների հավաքի ժամանակ, հանդիպմանը ներկա էր մոտ 15 մարդ, ձերբակալվել են երեքը՝ Մոլդովայից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից, նշվել է «Պրոտո տեմա» թերթի կայքում։

Տեղեկության համաձայն՝ մի քանի օր առաջ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոստիկանության աշխատակիցները տեղեկություն էին ստացել այն մասին, որ Հունաստանում պետք է տեղի ունենա հանդիպում, որին մասնակցելու են քրեական հեղինակություններ արտասահմանից։ Հանդիպման նպատակն անհայտ է, բայց ոստիկանության ներկայացուցիչները կարծում են, որ դրա մասնակիցները պատրաստվել են լուրջ հանցագործության։

«Մաֆիոզիների «բարձր մակարդակով» հանդիպումն Աթենքում, անհայտ նպատակով, երեքշաբթի խափանվել է Հունաստանի ոստիկանության աշխատակիցների կողմից, որոնք ձեռնաշղթաներ են հագցրել երեք տղամարդու Մոլդովայից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից։ Հանդիպմանը ներկա էր մոտ 15 մարդ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Մոլդովայից եւ Հունաստանից»,- գրել է պարբերականը։

Առկա տվյալներով՝ ամենալուրջը համարվում է ուկրաինացու ձերբակալությունը, քանի որ, ազգային ոստիկանության աղբյուրների խոսքով, նա մասնակցել է լուրջ հանցագործությունների, իսկ Ռուսաստանը նրա հետախուզման  «կարմիր օրդեր» է տվել թալանի եւ գողության համար։ Ինչ վերաբերում է մյուս երկու ձերբակալվածներին, ապա մեկին Իսպանիայում ներկայացված է հանցագործության կատարման մեղադրանք, մյուսին՝ զենքի մասին օրենքի խախտման։

ajax-loader