ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը Վիեննայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների կոնֆերանսի կիրարկման վերանայման, ակտիվների վերականգնման և Միջազգային համագործակցության հարցերով աշխատանքային խմբերի հանդիպումներին։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Լառա Պետրոսյանը համաժողովին հանդես է եկել որպես բանախոս և ներկայացրել է Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի կիրարկմանն ուղղված Հայաստանում իրականացված լայնածավալ հակակոռուպցիոն բարեփոխումները։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է միջազգային մոնիթորինգային մեխանիզմների կարևորությանը և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ պատշաճ իրականացնելու ստանձնած միջազգային պարտավորությունները։

Լառա Պետրոսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի կիրարկման մեխանիզմի 2-րդ փուլի շրջանակում դիտարկվող թեմաների և թեմատիկ հաջորդականության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու առաջարկները՝ ընդգծելով գնահատման զեկույցի արդիական լինելու և պետությունում իրականացված վերջին բարեփոխումները պատշաճ արտացոլելու անհրաժեշտությունը։

ajax-loader