ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն մինչև 2023 թվականի հուլիսի 15-ը՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի՝ «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման դրույթների:
Ինչպես հայտնեցին նախարարությունից, 2023 թվականից սկսած՝ ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար։
Ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է գրավոր եղանակով:
- «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, «Պատմություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում։
- 5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն», «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների և դասվարների, ինչպես նաև «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների և խմբակավարների ատեստավորումն իրականացվում է թեստավորման եղանակով:
- «Բնագիտություն» և «Հայրենագիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են բարձրագույն կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:
- Ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասվարների համար թեստերը կարող են կազմվել ռուսերենով:
- Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ:
Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։
Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում են հետևյալ տվյալները՝
1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը,
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը,
3) դասավանդվող առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (սույն կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման իր բազային կրթության կամ սույն կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան),
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչըևս կարող է մասնակցել ատեստավորմանը, ինչպես նաև ատեստավորմանը կարող է մասնակցել նաև «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և վերոնշյալ առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող անձը:2023 թվականի կամավոր ատեստավորմանը կարող են դիմել և մասնակցել.
- Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները:
- Ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչները, որոնք «Հանրակրթության մասին»օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն՝ չեն համապատասխանում նշված օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, ըստ որի նրանց մասնագիտական գործունեությունը 2023 թվականի օգոստոսի 20-ից հետո դադարեցվելու է, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները: Նշված կարգավորումը չի տարածվի միջին մասնագիտական կրթությամբ այն ուսուցիչների վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և ապահովեն նվազագույնը 60 տոկոս արդյունք: 60-69 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչները կհամարվեն ատեստավորված՝ առանց հավելավճարի հատկացման և դրույքաչափի փոփոխության: 70-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցչի դրույքաչափը կբարձրացվի և կտրվի համապատասխան տոկոսի չափով հավելավճար:
Ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում /at.emis.am/ մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 18:00-ն, և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:
Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո հնարավոր չի լինի հայտ ներկայացնել, քանի որ էլեկտրոնային համակարգում նշման հնարավորությունը փակվելու է:
Հայտը ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) անձի անունը, ազգանունը, հայրանունը,
2) կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը),
3) բնակության վայրը (մարզը, համայնքը),
4) առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման իր բազային կրթության կամ կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան),
5) հանրային ծառայության համարանիշը,
6) էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:
Կամավոր ատեստավորման ուղեցույցներ -2023
Ուսուցիչ չաշխատող անձի համար – https://support.emis.am/article/910
Դպրոցում աշխատող ուսուցիչների համար – https://support.emis.am/article/909