Փաշինյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով տրամադրված օգնության համար

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով տրամադրված աջակցության համար։ Այդ մասին վարչապետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին այս դժվարին ժամանակներում ցուցաբերած անսասան աջակցության համար։ Լիտվայի համերաշխությունն իսկապես գնահատելի է։ Մենք միասին կհաղթահարենք այս դժվարությունները և կդառնանք ավելի ուժեղ, քան երբևէ»,- նշված է վարչապետի գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիտվայի Հանրապետությունը 100 հազար եվրո հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանի՝ Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար։  

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում:

ajax-loader