Ալավերդու համայնքապետարանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն անդրադարձավ ջրհեղեղից վնասված ավտոմոբիլային ճանապարհների, մասնավորապես` միջպետական Մ6 մայրուղու վնասներին և վերականգնողական աշխատանքներին:
Ավետիսյանը նշեց, որ աղետից մեծապես տուժել են նաև ճանապարհային ենթակառուցվածքները: Միջպետական մայրուղիներին զուգահեռ ուշադրությունից չեն վրիպել նաև միջհամայնքային ճանապարհները:
«Տարերային աղետից հետո անմիջապես արձագանքեցինք ստեղծված իրավիճակին: Նախ Դիլիջանից դեպի Գոշ գնացող հատվածում երթևեկությունը կարճ ժամանակ անց վերականգնվեց: Երեք հատվածներում այս պահին ունենք միակողմանի երթևեկություն, արագ արձագանքման արդյունքում իրականացվել են շեպերի ամրացման աշխատանքներ: Միջպետական Մ4 ճանապարհի վնասված հատվածները գույքագրել ենք, ունենք շուրջ 10 կետ, որտեղ եղել են փլուզումներ: Այդտեղ ճանապարհային հատվածը ջրհագեցված է, հնարավոր են մեկ-երկու հավելյալ փլուզումներ: Նախնական գնահատականների համաձայն՝ Աղստև գետի մակարդակը բավականին իջել է: Այդ հատվածում շատ շուտով նույնպես կմեկնարկեն շինաշխատանքները: Մ6 միջպետական ճանապարհին կա բավականին մեծ հատված՝ 2,5 կիլոմետր երկարությամբ, որտեղ շուրջ 43 կետերում նույնպես եղել են փլուզումներ: Բարեբախտաբար, վերջին տարիներին Մ6 մայրուղու հիմնանորոգման արդյունքում ոչ մի կամուրջ չի տուժել»,- նշեց Ավետիսյանը: