Թեհրանի ֆոնդային բորսան որոշել է դադարեցնել գործունեությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան լուրից հետո։ Այս մասին հայտնել է բորսայի տնօրենների խորհրդի անդամ Ռեզա Էյվազլուն։
«Ֆոնդային բորսան փակ կլինի այսօր և առաջիկա մի քանի օրերի ընթացքում՝ մինչև պաշտոնական ծանուցումը»,– հայտնել են բորսայից։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր։ Ուղղաթիռում նախագահի հետ էին նաև երկրի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը և այլ պաշտոնյաներ, որոնք վերադառնում էին Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր ցավակցությունն է հայտնել ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող մյուս պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ և երկրում հնգօրյա սուգ հայտարարել։