Երևանի մետրոպոլիտենը 43 տարեկան է․ ընկերությունը լավ նորություններ ունի

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն դարձավ 43 տարեկան։ Մետրոյի կառուցումնը սկսվել է 1972 թվականին, գործարկվել 1981-ին և ընդլայնվել մինչև 1996 թվականը։

Civic.am
-ի հետ զրույցում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը պատմեց, որ 2023 թվականի տվյալներով՝ մետրոյով երթևեկել է 25 մլն 600 հազար ուղևոր։ Ըստ նրա՝ սա ազդակ է, որ  քաղաքացիները սկսել են ավելի շատ վստահել մետրոյին, քանի որ այն ավելի անվտանգ և արագ է։  

Սեդրակյանը նշեց, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի 3 շարժասանդուղք  հիմնավորապես վերանորոգվել և փոխարինվել է։ Նշենք, որ մետրոյի բացման օրվանից շարժասանդուղքների հետ կապված փոխարինումներ չէին եղել։ Տնօրենը հավելեց, որ «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորման փոփոխման աշխատանքների մեկնարկը սկսված է, և շուտով կունենանք էլ ավելի սիրուն ու մաքուր կայարան։

«Աջափնյակ» կայարանի նախագիծը փորձաքննության փուլում է, համալիր փորձաքննությունից հետո կհայտարարվի մրցույթ, և  հաղթող կազմակերպությունն էլ կսկսի շինարարական աշխատանքները։

Սեդրակյանն ասաց, որ Ակադեմիական քաղաքում մետրոյի կայարան լինելու առաջարկը եղել է իրենց կողմից, քանի որ  մեքենաների մուտք չի լինելու, լինելու է միայն բեռնատար մեքենաների մուտք։ 

Աշխատանքի մեկնարկից առաջ մեքենավարները պետք է անցնեն պարտադիր բուժզննություն։ Առողջական գանգատներ չունենալու դեպքում բուժքույրը թերթիկի մեջ լրացնում է, որ տվյալ անձը ի վիճակի է անցնել աշխատանքի։

Մեզ հետ զրույցում մեքենավար հրահանգիչ Սուրեն Հարությունյանը պատմեց, որ շաբաթական մեկ անգամ լինում են տեխպարապմունքներ, որտեղ մեքենավարները թարմացնում են իրենց գիտելիքները։

Ինքը՝ Հարությունյանը, մետրոպոլիտենում աշխատում է 2009 թվականից։ Մոտ 2 տարի աշխատել է որպես փականագործ, 4 տարի՝ մեքենավարի օգնական, այնուհետև անցել մեքենավարի աշխատանքին։ 

ajax-loader