Ռուսաստանում ստեղծվել է գրքերի փորձագիտական ​​խորհուրդ. որոշների վաճառքն արդեն դադարեցվել է

Ռուսաստանում ստեղծվել է փորձագիտական ​​կենտրոն, որը որոշում է հրատարակված գրքերի համապատասխանումը օրենքներին, և խախտումների դեպքում դրանք առգրավելու վերաբերյալ առաջարկություններ են անում, գրում է «Ведомости»-ն։

Կենտրոնը ստեղծվել է Ռուսաստանյան գրքի միության (ՌԳՄ) հիման վրա։ Դրա կազմում ընդգրկվել են  Ռոսկոմնադզորի, Ռուսական պատմական ընկերության, Ռուսական ռազմական պատմական ընկերության, Ռուս ուղղափառ եկեղեցու, Ռուսաստանի մահմեդականների հոգևոր վարչության, Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի, Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի, Ռուսաստանի կրթության ակադեմիայի, Ա.Մ.Գորկու անվան գրական ինստիտուտի և այլ հաստատությունների ներկայացուցիչներ։

Խորհուրդը զբաղվում է նաև ԼԳԲՏ «քարոզչության» մասին օրենքների խախտումների բացահայտմամբ՝ բոլոր գրքերում, բացառությամբ կրթական, նորմատիվ և պաշտոնական գրքերի: Գրքերի առգրավման վերջնական որոշումը կայացնում է հրատարակիչը, պարզաբանել է ՌԳՄ-ի ներկայացուցիչը։ Սակայն, հենց խորհրդի առաջարկով AST հրատարակչությունը դադարեցրեց Վլադիմիր Սորոկինի «Ժառանգություն», Մայքլ Կանինգհեմի «Տունը աշխարհի եզրին» և Ջեյմս Բոլդուինի «Ջովանիի սենյակը» վեպերի վաճառքը։

Փորձագիտական ​​խորհրդի գործարկումը, ինչպես գրում է «Վեդոմոստին», քննարկվել է 2023 թվականի հունվարին Ռուսաստանյան գրքի միության և «Ռոսկոմնադզորի» հետ հրատարակիչների հանդիպմանը, սակայն այն ժամանակ առաջարկվել է այն ստեղծել Թվային զարգացման նախարարության հիման վրա, որին ենթակա են հրատարակչությունները։ Թե կոնկրետ երբ է սկսել իր աշխատանքը, ի վերջո,  ՌԳՄ-ի հիման վրա ստեղծված խորհուրդը, չի ճշտվում։

ajax-loader