Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են գործակցության ընդլայնման հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Հովակիմյանը։

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, ԵՄ կողմից տրամադրվող ոլորտային ֆինանսական և տեխնիկական աջակցությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) ներքո ամրագրված դրույթների իրականացմանը, «Հայկական կոնյակի» նոր անվանման վերաբրենդավորման և շուկայահանման գործընթացներին, ձեռներեցության ոլորտի աջակցության ծրագրերին, ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (TAIEX, Twinning) կիրառմանը և այլ հարցերի։

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ի տնտեսության առաջնահերթ ուղղությունների, արտահանման խթանման ու դիվերսիֆիկացիայի, ներդրումների ներգրավման, կապիտալ շուկայի զարգացման, որակի ենթակառուցվածքների բարելավման, գյուղատնտեության զարգացման և վերջինիս մասով ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ծրագրերի ուղղությամբ։

Կարևորվել է ներկայումս ստեղծված նոր իրողությունների շրջանակներում ԵՄ հետ փոխհարաբերությունների խորացման ՀՀ հանձնառությունը և պատրաստակամությունն առավել ակտիվ մասնակցություն ունենալու ԵՄ կողմից իրականացվող և նախատեսվելիք տարածաշրջանային ծրագրերում։

Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ ԵՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 2.6 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 17.1% – ով։ Ընդ որում, արտահանումը կրճատվել է 8,2 տոկոսով ՝ մինչև 709,5 մլն դոլար, ներմուծման 30 տոկոսով ՝ մինչև 1,9 մլրդ դոլար աճի պայմաններում:

ajax-loader