xr:d:DAFqMzFRFwo:4,j:1091395253447532325,t:23073111

ԲՏԱ նախարարությունը ճյուղային ռազմավարություն է մշակում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները:

Նշվել է, որ նախարարությունն այժմ կարևոր փաստաթղթերի՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության և ԲՏ ու ՏՏ ոլորտների խթանմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման փուլում է, որոնք ամփոփելու են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման երկարաժամկետ տեսլականն ու բարենպաստ էկոհամակարգի ստեղծման հիմքերը:

Էրիկ Դե Մույնքը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումն առաջնահերթությունների շարքում է: Այս համատեքստում 2023թ. աշնանը կազմակերպվել է Բելգիայի Թագավորության տնտեսական առաքելության այցը Հայաստան, որի շրջանակներում բելգիական և հայկական ընկերությունները հնարավորություն են ունեցել հանդիպելու և քննարկելու համագործակցության հնարավոր եզրերը: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել դառնալու կամրջող օղակ Բելգիայի մասնավոր ընկերությունների և ՀՀ գերատեսչությունների միջև՝ Հայաստանում անցկացվող ցուցահանդեսներին հնարավոր մասնակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները կոնկրետ ուղղություններով զարգացնելու հնարավորությունները, մասնավորապես՝ ինժեներական և տիեզերական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում:

ajax-loader