Սյունիքում կկառուցվի շուրջ 40 կրթահամալիր, մրցույթները հայտարարվել են․ Ռոբերտ Ղուկասյան

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ 2023 թվականը մարզի համար ամենածանր տարիներից մեկն էր, եթե ոչ ամենածանրը:

Սյունիքի մարզպետն այդ մասին ասել է` ամփոփելով 2023 թվականի աշխատանքները և խոսելով 2024 թվականի խոշոր ծրագրերից։

«Սյունիքի մարզի համար այս տարին ծանր էր մի քանի հանգամանքներով՝ և՛ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայով, և՛ դրան հաջորդած իրադարձություններով, և՛ մարզում աննախադեպ ծրագրերով պայմանավորված, որոնք իրականացվել են մարզում։ Իրականում աշխատանքային շատ ու շատ հագեցած տարի էր։

2024 թվականի համար ոչ միայն Սյունիքին, այլ նաև ամբողջ Հայաստանին կմաղթեմ մի քանի կարևոր բան՝ ներքին ներդաշնակություն, համերաշխություն և միասնականություն։ Սա միակ ճանապարհն է, որի միջոցով կարող ենք հասնել բարձունքների և հաղթահարել բոլոր մարտահրավերները»,- նշեց Ղուկասյանը։

Սյունիքի մարզպետը նաև առանձնացրեց 2024 թվականի խոշոր ծրագրերը։

«2024 թվականի համար կառանձնացնեմ Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիրը և Սյունիքի մարզի բոլոր գյուղերի համար շուրջ 40 կրթահամալիրի կառուցումը․ շինարարության համար մրցույթները հայտարարված են, և որոշներն արդեն կառուցվում են։ Բացի այդ, 2024 թվականին բոլոր ոլորտներում աճ ենք կանխատեսում»,- ասաց Ղուկասյանը։

ajax-loader