Կանադայի եվրասիական առևտրի պալատի պատվիրակությունն առաջին անգամ կայցելի  Հայաստան

Ապրիլի 8-12-ը տեղի է ունենալու Կանադայի եվրասիական առևտրի պալատի գործարար պատվիրակության առաջին այցը Հայաստան։

Ինչպես հաղորդում է Կանադայում ՀՀ դեսպանությունը, պատվիրակության կազմում ընդգրկված են կրթության, էներգետիկայի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող կանադական ընկերություններ։

Նախատեսված են մի շարք հանդիպումներ ՀՀ կառավարական ու ոչ կառավարական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար շրջանակների հետ։

«Այցի նպատակներն են անմիջական կապեր հաստատել հայ գործընկերների հետ, տեղում ուսումնասիրել հայ-կանադական համագործակցությունը խորացնելու եղանակներ։ Շնորհակալություն ենք հայտնում Պալատի և Կանադայի դեսպանության մեր գործընկերներին համագործակցության համար։ Մանրամասները հասանելի են Պալատի կայքում՝ https://canadaeurasia.com/event-5602433»,- ասվում է դեսպանության հաղորդագրությունում:

Նշենք, որ Կանադա-եվրասիական առևտրի պալատն անկախ ոչ առևտրային կազմակերպություն է, որը նպաստում է Կանադայի և Եվրասիայի միջև երկկողմ առևտրին և ներդրումներին: Պալատը հիմնադրվել է 2004 թվականին ՝ նպատակ ունենալով բարելավել և աջակցել Եվրասիայի երկրների և Կանադայի միջև առևտրին, ներդրումներին և լավ հարաբերություններին: Սա եզակի կազմակերպություն է, որը կապում է ավելի քան 140 կորպորացիաներ: Կազմակերպության անդամների թվի դինամիկ աճը բավարարելու համար հիմնադրվել են 9 տեղական մասնաճյուղեր Կանադայում և Եվրասիայում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի և Կանադայի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 81,6%- ով ՝ կազմելով շուրջ 82,9 մլն դոլար։ Ընդ որում, արտահանումը կրճատվել Է 15,3% – ով ՝ մինչև 2,4 մլն դոլար՝ ներմուծման 88,1%՝ մինչև 80,5 մլն դոլար աճի ֆոնին։

ajax-loader