Կլիմայի փոփոխության դեմ պայքարի և ԷՎԱ զարգացման ճանապարհին Հայաստանը միանում է Միջազգային արևային դաշինքին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել 2023 թ. նոյեմբերի 16-ին ստորագրված «Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Կառավարության հաղորդագրության համաձայն, համաձայնագրի նպատակն արևային էներգետիկայի զարգացման ոլորտում համատեղ ջանքերի ներդրումն է՝ տեխնոլոգիաների, նորարարությունների, ֆինանսավորման ներդաշնակեցման միջոցով և առկա խոչընդոտները համակարգված ձևով վերացնելու նպատակով՝ բարեկեցության, էներգետիկ անվտանգության և ժողովուրդների կայուն զարգացման ապահովման համար:

Ներկայում Շրջանակային համաձայնագիրը ստորագրել է 118 պետություն, որոնցից 97-ը ներկայացրել են վավերացման անհրաժեշտ փաստաթղթերը՝ դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար: Համաձայնագրին միանալու դեպքում՝ ՀՀ-ն կլինի տարածաշրջանում առաջինը: Կարևորելով Հայաստանում արևային էներգետիկայի ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործումը և ոլորտի զարգացման հեռանկարները՝ Շրջանակային համաձայնագրին միանալն իր նպաստը կբերի ոլորտում մրցունակության բարձրացմանը, և հիմք կստեղծի արևային էներգետիկայի բնագավառում Շրջանակային համաձայնագրի կողմ-պետությունների միջև համագործակցության զարգացման համար՝ փորձի փոխանակման և ընդհանուր խնդիրներին ու մարտահրավերներին միասնական պատասխան տալու միջոցով:

Միաժամանակ, Շրջանակային համաձայնագիրը կձևավորի կողմ-պետությունների հետ համագործակցության լրացուցիչ հարթակ:

ajax-loader