Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Անուշ Զանգիզորյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում։
Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, «Թատրոնի միջազգային օրվա» առթիվ «Հայաստանի թատերական գործիչների միությունը» Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացրել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը՝ նվիրված Արմեն Ջիգարխանյանի հիշատակին: Ի թիվս մի շարք անվանակարգերի՝ «Թատերական միության» կողմից «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Անուշ Զանգիզորյանը։
Նա «Արտավազդ 2024» մրցանակաբաշխությանը մասնակցել է Ռեյ Բրեդբերի «Ֆարենհայթ 451» ներկայացմամբ՝ հանդես գալով Քլարիս Մըքլելնի դերում։
Անուշ Զանգիզորյանը սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոարվեստ բաժնում, 4-րդ կուրսում։
Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում նա աշխատանքի է անցել 2022 թվականի դեկտեմբեր ամսից։ Խաղացել է Հովհաննես Օհանյանի «Կարմիր Գլխարկի արկածները», «Ամանորի կախարդանքը», Ռեյ Բրեդբերի «Ֆարենհայթ 451», Վ. Կրասնոգորովի «Հիշիր, բժիշկ, հիշիր», Ա. Չուբարովայի «Խաղալիքների մոլորակը», Յասմինա Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» ներկայացումներում։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ