Կառավարությունը «Գոյ» թատրոնի ներկայացրած փաթեթը վերահասցեագրել է ԿԳՄՍ նախարարությանը

ՀՀ կառավարությունը արձագանքել է «Գոյ» թատրոնի՝ կառավարությանը ներկայացրած փաթեթին, որով թատրոնը խնդրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Գոյ»-ին հնարավորություն տալ գործել որպես անկախ թատրոն:

«Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը, որը թատրոնի ստեղծագործական խմբի այլ ներկայացուցիչների հետ ապրիլի 3-ից անժամկետ նստացույց է իրականացնում թատրոնի փակ դռան առաջ, ապրիլի 5-ին «Գոյ»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում ասաց. «Այսօր նստացույցի երրորդ օրն է, և մենք արդեն ՀՀ կառավարությունից պատասխան ունենք:  ՀՀ կառավարությունը  երեկ ինձ ուղարկել  է մի հաղորդագրություն, որում ասվում է, որ իրենց հասցեագրված փաթեթը վերահասցեագրվել է և ուղարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն»:

Արզումանյանի խոսքով՝ հավանաբար նամակը չի հասել վարչապետին, քանի որ այնտեղ եղել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման խնդրանք: 

Արզումանյանը տեղեկացրեց՝ իրենք կսպասեն նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատասխանին: Նախարարությունը պետք է արձագանքի տասնօրյա ժամկետում:

«Ես չգիտեմ մեզ կպատասխանեն տասը օրից, թե երկու օր հետո: Մենք կսպասենք ու քայլեր կձեռնարկենք: Ես ամեն ինչ կանեմ, որ փորձենք հանդիպել ՀՀ վարչապետին ու հասկանալ, թե ինչու են իրեն ենթակա կառույցներն այնպես անում, որ գործը չհասնի իրեն»,-եզրափակեց Արզումանյանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը:

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Սարգիս Արզումանյանը դիմել էր թատերական գործիչներին՝ խնդրելով նրանց աջակցությունը: «Եթե կարծում եք, որ այս քաղաքին պետք է «Գոյ» թատրոնը, խնդրում եմ աջակցել մեզ: Համապատասխան փաստաթուղթ է կազմվել, պետք է այնտեղ ստորագրել, տալ համաձայնություն, որ «Գոյ» թատրոնը Երևանին անհրաժեշտ է որպես անկախ թատրոն: Այդ փաստաթուղթը կուղարկվի ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ վարչապետի, որպեսզի նրանց կայացրած որոշման մեջ  լրացումներ կատարվեն, կամ այլ մեխանիզմներ մշակվեն, և «Գոյ» թատրոնը դառնա անկախ թատրոն ու ստեղծագործի այն վայրում, որտեղ աշխատել է»,-նշել էր նա:

ajax-loader