Կառավարությունն առաջարկում է բարձրացնել ՀՌՀ նախագահի և անդամի աշխատավարձի գործակիցները

Կառավարությունն առաջարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատասխան: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը՝ ներկայացնելով ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ։

«Ելնելով «Վարձատրության մասին» օրենքով սահմանված սկզբունքներից` այն է, որ վարձատրության քաղաքականությունը պետք է լինի խարսխված արդարության, համադրելի գործակիցների և պատասխանատվության ու պարտականություններին համաչափ, Կառավարությունն առաջարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամի գործակիցները նույնպես վերանայել և համամասնորեն բարձրացնել»,-նշեց Վաչե Քալաշյանը:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամի պարտականություններին ու լիազորություններին, Անկախ պետական մարմինների վարձատրության գործակիցներին, վարձատրության քաղաքականության միասնականությանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է` ինչպիսի՞ն է անկախ մարմինների վարձատրության սկզբունքը, ո՞ր կոլեգիալ մարմինն է ամենաբարձրը վարձատրվում, և արդյո՞ք կան վարձատրության անհամապատասխանություններ գործող մարմիններում:

 «Մենք ունենք 6 անկախ պետական մարմին, որոնցից վարձատրության ամենաբարձր գործակիցը ԲԴԽ նախագահինն ու անդամինն է»,-պատասխանեց Վաչե Քալաշյանը:

Վլադիմիր Վարդանյանն իր հերթից նշեց, որ պետք է հարգվի Սահմանադրական կարգավիճակը, ինչից ելնելով էլ` պետք է կատարվի ներկայացված փոփոխությունը:

«Անկախ մարմինների գործառույթների մեջ չպետք է լինի հսկայական անջրպետ»,-հավելեց նա։

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը նշեց, որ հետագա մասնագիտական քննարկումներում վարձատրության բարեփոխումների շրջանակներում անհրաժեշտ է անդրադառնալ վիճահարույց խզվածքներին և հաղթահարել որոշակի աղավաղումները: «Կառավարության կողմից հաստատված բարեփոխումների ռազմավարությամբ դա նույնպես նախատեսված է, և մինչև 2026 թվականը մենք հանձնառություն ունենք իրականացնելու այդ բարեփոխումը»,-ասաց Վաչե Քալաշյանը:

Նախագիծը ստացել է դրական  եզրակացություն: 

ajax-loader