Վարչապետը շնորհավորել է ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին` Նոր տարվա առթիվ: Ինչպես տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից, ուղերձում ասվում է. 

«Հայաստանի ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով: 

Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաև բնության վերածնունդը: 

Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը, ինքնատիպ ավանդույթներով հարստացնում և ուրույն բազմերանգություն են հաղորդում մեր երկրին: 

Թող գարնանային այս պայծառ օրը ձեր տները լցվեն խինդով և ջերմությամբ: Թող ավանդական ուտեստներով համեմված, ազգային երգ ու պարով ուղեկցվող այս գեղեցիկ տոնը համախմբի բոլորիդ և նոր ձեռքբերումների, հաջողությունների ու բարեկեցիկ ապագայի սկիզբ հանդիսանա: 

Հայաստանում բնակվող, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ բարօրություն և երջանկություն: 

Շնորհավոր Հաբ-Նիսան»:

ajax-loader