ԵՄ դիտորդական առաքելությունը ևս հերքել է Ադրբեջանի հաղորդագրությունը ՀՀ զինված ուժերի տեղաշարժերի մասին

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը ևս հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հայկական զինված ուժերը իբր տեղաշարժեր է իրականացնում սահմանին։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն էր տարածել, թե հայկական զինված ուժերն Ադրբեջանի հետ սահմանին տեղաշարժեր են իրականացնում, ինչը հերքեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։

«Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ամբողջ օրվա ընթացքում պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Ամեն ինչ հանգիստ է, անսովոր տեղաշարժեր չեն նկատվել։ Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը բոլորին խաղաղ Զատիկ է մաղթում»,- ասված է առաքելության X-ի էջում կատարած գրառման մեջ։

ԵՄ դիտորդական առաքելության այս գրառմանն արձագանքել է նաև Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը․ «Ուրախ եմ Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կողմից հաստատում ստանալու համար, որ անսովոր ռազմական տեղաշարժեր չեն նկատվել։ Հենց սա է առաքելության հիմնական նպատակը՝ ապահովել առավել թափանցիկություն և վստահություն կառուցել։ Առաքելությունը շարունակում է բաց մնալ նաև Ադրբեջանի իշխանությունների ավելի շատ փոխգործակցության համար»,- գրել է Կլաարը։

Ավելի ուշ Առաքելությունը ևս մեկ գրառում է արել․ «Մարտի 31-ին Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից մոնիթորինգ իրականացնելու և սահմանին անսովոր ռազմական տեղաշարժեր նկատելու դեպքում զեկուցելու համար։ Բոլոր պարեկները զեկուցել են, որ իրավիճակը հանգիստ է եղել և որ անսովոր տեղաշարժեր չեն նկատվել»,- ասված է գրառման մեջ։

ajax-loader