ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել երկու նոր հուշադրամ

ՀՀ կենտրոնական բանկը մարտի 25-ին շրջանառության մեջ է դնում «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» եւ «Պարույր Սեւակի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամները:

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված են Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դրվագ եւ Կոմիտասի անվան պանթեոնում Փարաջանովի արձանը (քանդակագործ՝ Ա. Շիրազ, 1999 թ.):

Ոսկե հուշադրամի դարձերեսին պատկերված են Փարաջանովի դիմապատկերը, դրվագներ նրա «Խեցիով վարիացիա Պինտուրիկիոյի եւ Ռաֆայելի թեմաներով»․ 2-րդ տարբերակ` նվիրված է Վ. Ա. Կատանյանին (1989 թ.), «Լացող Ջոկոնդան» (1977 թ.), «Դանիել Օլբրիխսկու դիմանկարը» (1980 թ.) կոլաժներից:

Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես) եւ Աննա Կուրղինյանը (դարձերես): Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի տեխնիկական չափանիշները. անվանական արժեքը՝ 10 000 դրամ, մետաղը/հարգը՝ ոսկի 9000, քաշը՝ 8,6 գ, թողարկման քանակը 300 հատ է:

Պարույր Սեւակի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

Պարույր Սեւակի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված են եկեղեցու զանգակատան պատկեր, «Մարդը ափի մեջ» գրքի շապիկը (նկարազարդող՝ Խ. Գյուլամիրյան, 1963 թ.): Դարձերեսին Պարույր Սեւակի դիմապատկերն է, ստորագրությունը, փետրագրիչ՝ Սեւակի «Հայաստան» (1950 թ.) բանաստեղծության ֆոնին:

Ոսկե հուշադրամի էսքիզների հեղինակն Էդուարդ Կուրղինյանն է: Այն հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները. անվանական արժեքը՝ 10 000 դրամ, մետաղը/հարգը՝ ոսկի 9000, քաշը՝    8,6 գ, թողարկման քանակը 300 հատ է:

Հուշադրամները, հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով եւ չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:

ajax-loader