Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 25-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այդ մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ՀՀ կառավարության նստավայրում, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի վրացի գործընկերոջը։

Կոբախիձեն ու Փաշինյանը կունենան դեմ առ դեմ հանդիպում, որից հետո նաև կհանդիպեն ընդլայնված կազմով։ Այնուհետև Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։

Պաշտոնական այցի շրջանակներում Իրակլի Կոբախիձեն կհանդիպի նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են լինելու առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին, Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գեորգի Ամիլահվարին և Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

ajax-loader