Բնապահպանական ռիսկերի կառավարման տեսանկյունից ԶՊՄԿ-ն ամբողջությամբ կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին

 «Բիզնես հնարավորությունների բացազատում» խորագրով կոնֆերանսը ևս մեկ հնարավորություն է խոսելու առհասարակ Հայկական բիզնես ոլորտում  բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) բաղադրիչի դերի մասին: Սա հիանալի հարթակ է վերհանելու խնդիրները, մարտահրավերները, առաջարկվող  լուծումները և, իհարկե, ծանոթանալու  միջազգային փորձին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, կարևորելով նման հանդիպումների դերն ու նշանակությունը, նշեց, որ իրենք ևս հաճախակի կազմակերպում են նման քննարկումներ՝ ակնկալելով գործընկերների ակտիվ մասնակցությունը առկա խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով:

«Նման հանդիպումների հաճախականությունը ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է մեզ համար ԲՍԿ բաղադրիչը այսօրվա օրակարգում, և մենք` որպես պատասխանատու կազմակերպություն, պատրաստ ենք բոլոր հրավերներն ընդունել, մասնակցել, քննարկել և մեր փորձով կիսվել»,- ասաց նա:

ZANGEZUR.00_32_00_16.Still006.jpg (579 KB)

Ստեփանյանն ընդգծեց՝ հանքարդյունաբերությունը խնդրահարույց է, առկա խնդիրները շատ են, բայց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ամբողջը վեր է հանում՝ քայլ առ քայլ շարժվելով դրանց լուծման ուղղությամբ:

«Հանքարդյունաբերությունն ընկալվում է որպես բնապահպանական մեծ խնդիր, այն ունի մեծ բնապահպանական ազդեցություն, որն անկառավարելի չէ: Ո՛չ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ո՛չ էլ Հայաստանի մյուս հանքարդյունաբերական գործարանները չունեն անլուծելի խնդիրներ, բոլոր ռիսկերը կառավարելի են: Խնդիրները շատ են, բայց  մենք  դրանք ամբողջությամբ գույքագրել ենք և հետևողականորեն լուծում ենք»,- ասաց Ստեփանյանը:

Ստեփանյանն ընդգծեց՝  մոտակա տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ամբողջության կդառնա միջազգային չափորոշիչներին համապատասխան:

ajax-loader