Հայաստան-Ֆրանսիա շփումները գերազանցել են քաղաքական երկխոսության ավանդական ցուցանիշները. ԱԳ նախարար

Ֆրանսիայից Հայաստան նախորդ  տարի գրանցվել է բարձրաստիճան այցերի աննախադեպ քանակ: Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:

«Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն առանձնաշնորհյալ բնույթ են կրում: Հաշվետու տարում եղել է Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի 5 հանդիպում: Նաև Ֆրանսիայից բարձրաստիճան այցերի աննախադեպ քանակ ունենք: Այս առումով մեր շփումները գերազանցել են քաղաքական երկխոսության ավանդական ցուցանիշները»,-ասաց Միրզոյանը:

Ֆրանսիայի ԱԺ նախագահն է այցելել Հայաստան, դա Ֆրանսիայի ԱԺ նախագահի մակարդակով առաջին այցն էր: Ֆրանսիայի ԱԳ նախարարը տարվա ընթացքում 2 անգամ այցելել է Հայաստան: Տարվա ընթացքում եղել են նախարարների փոխայցեր:

ԱԳ նախարարը հիշեցրեց, որ Սյունիքի մարզի աշխարհաքաղաքական խոցելիության համատեքստում Ֆրանսիան կարևոր որոշում է կայացրել: Օգոստոսին հայտարարեցին, որ հյուպատոսական գրասենյակ են բացելու Գորիսում: Հայաստանում բացվեց Ֆրանսիայի պաշտպանական առաքելություն, խոսքը ռազմական կցորդի ինստիտուտի մասին է:

Ինտենսիվորեն շարունակվում են նաև հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված 2021-2026 թթ ճանապարհային քարտեզի շուրջ քննարկումները:

ajax-loader