Գործադիրը հաստատեց բուսաբուծության աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց  բուսաբուծության աջակցության ծրագիրը։ Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակումների՝ վերջին տարիներին հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն ցանքատարածությունների նվազում է արձանագրվում, որը, կարծում ենք, հիմնականում պայմանավորված է մշակության ցածր արտադրողականությամբ, արտադրանքի բարձր ինքնարժեքով, ցածր եկամտաբերությամբ և տնտեսական անարդյունավետությամբ։

Հաշվի առնելով ներկայացվածը՝ հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ներկայացվում է բուսաբուծության աջակցության ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի նպատակն է պետական աջակցության միջոցով խթանել ցանքատարածությունների ավելացումը, արտադրողականության բարձրացումը և հողօգտագործողների եկամուտների ավելացումը»,-ասաց Պապոյանը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ծրագրի իրականացման նպատակն է նաև ՀՀ-ում խթանել հավաստագրված սերմերի իրականացումը։

«Բուսաբուծության աջակցության ծրագրով նախատեսվում է 2024 թվականին փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, մասնավորապես՝ գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկաընդեղային (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ), մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության 1 հա հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վար, ցանք, բերքահավաք) և սերմի արժեքի համար նախատեսված արժեքի 50 տոկոսը։

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով. հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով 70 հազար դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 85 հազար դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 100 հազար դրամ, բազմամյա խոտաբույսերի մշակաբույսերի մշակության համար յուրաքանչյուր 1 հա՝ 110 հազար դրամ»,-եզրափակեց Պապոյանը։

ajax-loader