«Մեգա Մոլլ»-ում դանակահարություն կատարած 36-ամյա տղամարդուն ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

«Մեգա Մոլլ» առևտրի կենտրոնում դանակահարություն կատարած անձին ձերբակալելու որոշում է կայացվել և նրան նախաքննական մարմնին ներկայացնելու հանձնարարություն տրվել: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«2024 թվականի փետրվարի 04-ին ժամը 16:35-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող «Մեգա Մոլլ» առևտրի կենտրոնից շտապօգնության խումբը կրծքավանդակի և որովայնի հատվածում ստացած վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխել 1971թ. ծնված, Երևան քաղաքի բնակիչ հանդիսացող մի տղամարդու, ով ենթարկվել է անհետաձգելի վիրահատության։

Պարզվել է, որ տղամարդը վնասվածքն ստացել է նշված առևտրային կենտրոնում գործող «Ֆուդ Կորտ» սննդի կետում՝ մեկ այլ անձի կողմից սուր կտրող-ծակող առարկայի գործադրման հետևանքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

 Նախաքննության ընթացքում բուժկենտրոն տեղափոխված անձը ճանաչվել է տուժող, սակայն վերջինիս հետ հնարավոր չի եղել կատարել ապացուցողական և վարութային գործողություններ՝ առողջական վիճակով պայմանավորված: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղից վերցվել են արնանման հետքեր։ Առգրավվել և զննվել են դեպքի վայրին ուղղված տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Հարցաքննվել են մի խումբ վկաներ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևան քաղաքի բնակիչ 36-ամյա տղամարդը:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հանցանքն առերևույթ կատարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Որոշում է կայացվել, դատարան ներկայացնելու համար, 36-ամյա տղամարդուն ձերբակալելու վերաբերյալ։

Ոստիկանությանը տրվել է վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ քննության համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հանցագործության ամբողջական հանգամանքները, այդ թվում նաև՝ կատարվածի շարժառիթը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ajax-loader