Բայրամովը դժգոհել է ՀՀ-ի կողմից սպառազինություն ձեռք բերելու կապակցությամբ

Որոշ պետությունների կողմից Հայաստանին զինելու փորձերը վտանգ են ներկայացնում խաղաղության գործընթացի համար։ Սաուդյան Արաբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա հավելել է, թե Երևանի կողմից, իբր, երրորդ կողմերի ներգրավումը նույնպես չի ծառայում խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում։

Նշվում է, որ երկու երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը վերականգնելու քայլերի շուրջ՝ դատարանի կողմից Բաքվի դեսպանատան վրա հարձակում իրականացրած անձի նկատմամբ վճիռ կայացնելուց հետո։

Իրանական IRNA-ի փոխանցմամբ՝ Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ասել է, որ «Ադրբեջանը կարևոր տեղ է գրավում Իրանի հարևանության քաղաքականության մեջ»։

Նա ևս մեկ անգամ շնորհավորել է «Ադրբեջանի ամբողջ տարածքում նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ և գոհունակություն հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացից»։

«Երկու երկրների հարաբերություններում նոր էջ է բացվել, բացվում են փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

ajax-loader