Ղրղզստանում և Ուզբեկստանում երկրաշարժեր են տեղի ունեցել

Էպիկենտրոնում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Ղրղզստանի տարածքում։ Նման տվյալներ է հրապարակել Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը, որի ուժգնությունը հասել է 5,3 մագնիտուդի, գտնվել է Ղրղզստանի և Ղազախստանի սահմանի շրջանում՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքից 42 կմ հարավ-արևելք և Ղրղզստանի Չոլպոն Աթա առողջարանային քաղաքից 26 կմ հյուսիս։

Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։

Նաև 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ուզբեկստանի Կաշկադարյայի մարզի Միրիշկորի շրջանում։ Այդ մասին հայտնել է Ուզբեկստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ կանխատեսման մոնիտորինգի հանրապետական ​​կենտրոնը։

«Երկուշաբթի օրը ժամը 11:29-ին (Երևանի ժամանակով 10:29-ին) երկրաշարժ է տեղի ունեցել Կաշկադարյայի մարզի Միրիշկորի շրջանի տարածքում: Էպիկենտրոնում, որը գտնվել է Տաշքենդից 457 կմ հարավ-արևմուտք, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,6 բալ։ Օջախի խորությունը 8 կմ է», – հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Կենտրոնի տվյալներով՝ Կաշկադարյայի մարզում ցնցումներն զգացվել են 2-3 բալ ուժգնությամբ։

Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում:

ajax-loader