Նախատեսվում է ԵԱՏՄ առևտրային տներ հիմնել Իրանում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւն անհրաժեշտ է համարում «մշակել Իրանում եւ այլ հեռանկարային գործընկեր երկրների շուկաներում ԵԱՏՄ առեւտրային տներ ստեղծելու նախաձեռնությունը»։

Նախարարը հիշեցրել է, որ 2023 թվականի վերջին Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման արդյունքում այս երկրի շուկա մուտք գործելու բացառիկ պայմաններ են ստեղծվել։

«Ժամանակավոր պայմանագրի գործողության ընթացքում մենք արդեն իսկ կրկնապատկել էինք առեւտուրը։ Ակնկալում ենք, որ մշտական համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո կարճ ժամանակում նորից կրկնապատկում կունենանք։ Հուսով ենք, որ առաջիկա երեք տարվա ընթացքում կհասնենք ապրանքաշրջանառության 12 միլիարդ դոլար ցուցանիշի եւ հետագայում Իրանի հետ մեր առեւտրի ծավալները կհասցնենք տարեկան 18-20 միլիարդ դոլարի՝ ներկա 6 միլիարդ դոլարի փոխարեն»,- ասել է նա:

Սլեպնեւի խոսքով՝ միայն առեւտրային համաձայնագրի առկայությունը բավարար չէ։ Նա կարեւորել է առեւտրի տներ ստեղծելու առաջարկը, որով բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռներեցների միությունը։

«Պետք է միասին մտածենք, թե ինչպես ճիշտ ձեւավորել այս նախաձեռնությունը: Մենք մտնում ենք բարդ շուկաներ, որտեղ ոչ ստանդարտ մոտեցումներ են անհրաժեշտ»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարարը։

ajax-loader