ՀՀ վարչապետը՝ հանքարդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի մասին

Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետը խոսել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»ի (ԶՊՄԿ) 21,8 % և «Լիդիան Արմենիա» ընկերության 12,5 % բաժնետոմսեր ՀՀ կառավարությանը նվիրաբերելու հարցի մասին:

Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, ասել է․

«Մի ժամանակ անհատույց պետության գույքն էր տրվում, հիմա անհատույց պետությանն է տրվում, և տրվում է ոչ թե համատարած ու բոլոր դեպքերում, այլ այն դեպքերում, երբ այդ պրոյեկտներն իրենց հիմքում պատմականորեն լեգիտիմության խնդիր ունեն։ Դուք մոռացել եք, ԶՊՄԿ-ն ոնց է սեփականաշնորհվել և ում։ Ասում եք՝ փայ մտնել: Մենք չունենք այնպիսի դեպք, որ մարդու դուռը ծեծենք, ասենք՝ հարգելի գործարար, ներդրող, հիմա քո ունեցածի 20%-ը մերն է։ Մենք ունենք դեպք, երբ գալիս է նոր ներդրող, ու ինքն ասում է՝ ես այս պատմությունը հաշվի առնելով այդ 20%-ը դնում եմ: Ոչ թե կառավարությունն է ԶՊՄԿ-ին ասել՝ 20%-ը ինձ տվեք, այլ այդ իրենք են արել ժամանակին»։

Խոսելով Ամուլսարի շահագործման մասին Փաշինյանն նշել է, որ ազդակիր համայնքները Ամուսլարի ծրագրից տարեկան 7 միլիոն դոլար գումար են ստանալու, ուստի կառավարությունը չի այդ 12․5%-ի տերը, այլ՝ ՀՀ ժողովուրդը։

Նա հավելել է, որ նման գործարքի հետևանքով, «ոչ ոք փայ չի մտնել, ոչ մեկն իր ունեցած սեփականությունից չի զրկվել»։

«ՀՀ կառավարությունը որևէ ոլորտում չունի գաղտնի պարտավորություն, որը հայտնի չէ ՀՀ ժողովրդին։ Տեղի է ունեցել գործարք, ու ներդրողը կառավարությանն ասել է՝ 4 միլիարդի ներդրումային ծրագիր եմ ուզում անել, բայց կարևոր է, որ կառավարությունն իր ներկայությամբ նախ տեսնի, թե ինչ է կատարվում: Որոշ դեպքերում, նույնիսկ կառավարությունն աջակցել է, որ նեդրումային միջավայրի առումով այն գրավիչ լինի: Երրորդ գործոնը՝ կառավարությունն ամեն ինչ արել է, որ շուկայում մրցակցային վիճակ լինի»,- թեման ամփոփել է Նիկոլ Փաշինյանը։

ajax-loader