ՊԵԿ-ը ներկայացնում է, թե ինչ է սոցիալական ծախսը եւ ինչպես օգտվել փոխհատուցումից

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող Հայաստանի քաղաքացի ֆիզիկական անձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում՝ ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել, եթե ձեռք է բերել առողջության ապահովագրական փաթեթ՝ Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից կամ ուսման համար կատարել է վճարումներ Հայաստանում գործող կրթական հաստատություններում:

ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար պետք է ծառայություն մատուցողից՝ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջի հաշվարկային փաստաթուղթ (invoice)։ Իսկ ծառայություն մատուցողը պետք է դուրս գրի հաշվարկային փաստաթուղթ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգից՝ լրացնելով ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշվարկային փաստաթուղթը։

Նշվում է, որ անհրաժեշտ է ծառայություն մատուցողին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը եւ հանրային ծառայության համարանիշը։ Իսկ այն դեպքում, երբ սոցիալական ծախսը կատարվում է հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձի ընտանիքի անդամի համար, պետք է ներկայացնել ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը եւ հանրային ծառայության համարանիշը եւ ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը:

Առավել մանրամասն՝ ՊԵԿ տեսանյութում:

ajax-loader