ԵՊՀ-ն դարձավ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ

Այսօր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության խորհրդի արտահերթ նիստում քննարկվեց Երևանի պետական համալսարան հիմնադրամի՝ Միությանն անդամակցելու հարցը։

Հեռավար նիստին մասնակցում էին Խորհրդի անդամ 5 ընկերությունների ներկայացուցիչները և Միության աշխատակազմը։ Հայաստանի hանքագործների և մետալուրգների միության խորհրդի կազմում են ԶՄՊԿ, Ագարակի ՊՄԿ, Լիդիան Արմենիա, Թեղուտի ՊՄՀ և Կապանի ԼՀԿ ընկերությունները։

Կարևորելով Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացման գործում հանքարդյունաբերության ոլորտի, ընդերքի ռացիոնալ ու համալիր օգտագործման դերակատարությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ տարվող երկրաբանական ուսումնասիրությունների բնագավառում Երևանի պետական համալսարանի կուտակած հարուստ փորձի փոխանցումն ու պոտենցիալի ներդրումը՝ Երևանի պետական համալսարանը, ի դեմս ռեկտոր պարոն Հովհաննես Հովհաննիսյանի, դիմել էր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության խորհրդի նախագահ Վարդան Ջհանյանին՝ Միությանը անդամակցելու մասին գրությամբ։

Այդ մասին բացման խոսքում նիստի մասնակիցներին տեղեկացրեց Միության տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը։ Դիմումը համապարփակ քննարկվեց Խորհրդի անդամների կողմից և միաձայն ընդունվեց ԵՊՀ-ի անդամակցությունը։

Միջոցառման ընթացքում ողջունելով Միության նոր գործընկերոջ հետ գործակցությունը, մասնավորապես, կարևորվեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և ոլորտի արդյունաբերական ձեռնարկությունների հետ սերտ կապի ստեղծման և արդյունավետ համագործակցության կազմակերպման տեսանկյունից:

Նշենք, որ 2023 թ․ տարեվերջին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանին, կոմբինատի և միության ղեկավարության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում, ի թիվս համագործակցության մի շարք ծրագրերի իրականացման ուղղությամբ պայմանավորվածությունների, որոշում էր կայացվել համատեղ գործունեությամբ խթանել ոլորտի զարգացմանը։

ajax-loader