ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Կահիրեում է՝ բանակցելու Գազայում հրադադարի շուրջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավարության պատվիրակությունը ժամանել է Կահիրե, որտեղ նախատեսվում են Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի, ինչպես նաև իսրայելցի պատանդների ու պաղեստինցի բանտարկյալների փոխանակման շուրջ բանակցություններ։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը հինգշաբթի առավոտյան ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք՝ ավարտելու հրադադարի հետ կապված բանակցությունները», – ասված է շարժման Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պաղեստինյան շարժման պատվիրակությունը գլխավորում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալ Խալիլ ալ Հայյան։

Փետրվարի 7-ին շարժման քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը հաստատել էր, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները կմեկնեն Կահիրե՝ «քննարկելու հնարավոր գործարքի շուրջ առաջարկների իրավիճակը»։ Նրա խոսքով՝ շարժումը տրամադրել է հունվարի 28-ին Փարիզում կայացած հանդիպման ընթացքում մշակված համաձայնագրի նախագծի վերաբերյալ իր պատասխանը։

Համդանը պարզաբանել էր, որ ՀԱՄԱՍ-ի պատասխանը ներառում է «համապարփակ հրադադար և քաղաքացիական բնակչության դեմ ագրեսիայի դադարեցում, Գազա մարդասիրական օգնության մատակարարումների ապահովում, տեղահանված անձանց ապաստանի տրամադրում, անկլավի վերականգնման երաշխիքներ, ինչպես նաև պաղեստինցի բանտարկյալների և իսրայելցի պատանդների փոխանակման ավարտ»:

Նոյեմբերին կողմերի միջև տեղի ունեցած 7-օրյա հրադադարի ընթացքում Իսրայելը վերադարձրել էր 110 պատանդի՝ նրանց դիմաց ազատ արձակելով 240 պաղեստինցի բանտարկյալի։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, գերազանցել է 27 700-ը։

ajax-loader