Կոչ եմ անում չլսել մեր թշնամիներին ծառայող ոչ մասնագետների կարծիքը․ Արմեն Հովհաննիսյանը՝ հանքերի մասին

Հայաստանի ՀՆԱ-ում հանքարդյունաբերության մասնաբաժինը կազմում է մոտ 6%, ուր 10-12 հազար աշխատող կա։ Այդ մասին հայտարարել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Արմեն Հովհննիսյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի հանքագործների և մետլուրգների միությն տարածած հայտարարությանը, որոում կոչ է արվել հրապարակային հայտարարություններում դրսևորել առավելագույն զգուշավորություն, չանել զրպարտչական հայտարարություններ, որոնց ոլորտի կազմակերպությունները ստիպված են լինում արձագանքել դատական հայցերով՝ այդ թվում՝ երկրի շահերից ելնելով։

Արմեն Հովհննիսյանի կարծիքը, որն արտահայտվել է միության ֆեյսբուքյան էջում, ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ամբողջովին համաձայնվելով Հանքագործների և մետալուրգների միության կարծիքի հետ՝ հարկ եմ համարում նշել, որ

1) ըստ պրոֆ. Հ. Բագրատյանի՝ Հայաստանի ազգային հարստությունը այսօրվա գներով գնահատվում է 91.8 մլրդ ԱՄՆ $, որից 15 մլրդ ԱՄՆ $ (16.3%) հանքահումքային ռեսուրսներն են,

2) հանքարդյունաբերության մասնաբաժինը Հայաստանի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) կազմում է մոտ 6%,

3) ոլորտում զբաղվածների թիվը՝ 10-12 հազ. մարդ,

4) ըստ Համաշխարհային բանկի գնահատման՝ Հայաստանի հանքարդյունաբերությունը բնութագրվում է ՀՆԱ-1.8 և զբաղվածության 5.3 տնտեսական բազմապատկիչներով:

Բերված տվյալները վկայում են ՀՀ ՀՆԱ-ի կառուցվածքի, ներդրումային գործընթացների, բնակչության զբաղվածության, ներկայում և հեռանկարում երկրի ներքին և արտաքին պահանջմունքների բավարարման, պետության տնտեսական և քաղաքական անվտանգության ապահովման մեջ հանքարդյունաբերության ունեցած անգնահատելի դերի և նշանակության մասին: Մյուս կողմից, զանազան ՀԿ-ների, այդ թվում՝ կեղծ բնապահպանների կողմից հաճախ լսում ես անհեթեթ, ոչ մասնագիտական մեկնաբանություններ:

Մասնավորապես, կիրակի օրը «Արմենիա» հեռուստատեսությամբ խոսում էր մի կին, երևի բնապահպան, որն ասում էր՝ զարգացած երկրներում ոսկու 2 գ/տ, իսկ զարգացող երկներում ոսկու 1 գ/տ պարունակությունից ցածր հանքանյութի դեպքում հանքավայրը չի շահագործվում: Սա մասնագիտական անգրագիտություն է:

Յուրաքանչյուր հանքավայրի շահագործման նպատակահարմարությունը որոշվում է տեխնիկատնտեսական հաշվարկներով՝ հիմնավորելով տվյալ հանքավայրում մետաղի կամ մետաղների պարունակությունների սահմանաքանակները՝ կոնդիցիաները, որոնք կախված են բազմաթիվ գործոններից. աշխարհագրատնտեսական, լեռնաերկրաբնական, լեռնատեխնիկական և այլ բնական պայմաններից, ինչպես նաև, բնականաբար, տվյալ մետաղի համաշխարհային գնից:

Ուստի, կոչ եմ անում մեր ազգաբնակչությանը, որ չլսեն ոչ մասնագետների կարծիք, որոնք ծառայում են մեր թշնամիներին»:

ajax-loader