Շվեյցարիայի կառավարությունը հաստատել է ՆԱՏՕ-ի հետ կապերն ամրապնդելու ուղենիշը

Շվեյցարիան, չնայած իր չեզոք կարգավիճակին, մտադիր է ամրապնդել կապերը ՆԱՏՕ-ի հետ, ինչը ենթադրում է նաև այդ երկրի զինվորականների ընդգրկուն մասնակցությունը դաշինքի զորավարժություններին և բանակի օպերատիվ համատեղելիության կատարելագործում: Այդ մասին ասված է Շվեյցարիայի կառավարության կողմից հավանության արժանացած «2024-2027 թթ․ արտաքին քաղաքական մարտավարություն» փաստաթղթում:

ՏԱՍՍ-ի կողմից ներկայացված մեջբերումից հետևում է, որ Շվեյցարիան վճռականորեն տրամադրված է ամրապնդելու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը և գործուն համագործակցությունը: Պաշտոնական Բեռնը չի համարում, որ նման մոտեցումը հակասում է Շվեյցարիայի չեզոք կարգավիճակին:

«Չեզոքության գործիքը բավական տեղ է թողնում արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության համար, որը հիմնված է մերձավոր գործընկերների հետ Շվեյցարիայի համագործակցության վրա: Առաջիկա տարիներին Դաշնային խորհուրդը մտադիր է զարգացնել այդ քաղաքականությունը», – նշված է փաստաթղթում:

Երկրի կառավարությունում ընդգծում են, որ 2022 թ․-ին Եվրամիության հակառուսական պատժամիջոցներին միանալու որոշումը պայմանավորված էր Շվեյցարիայի ազգային շահերով և հիմնական գործընկերների հետ համագործակցության անհրաժեշտությամբ:   

ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին չանդամակցող Շվեյցարիայի կողմից հակառուսական պատժամիջոցների ընդունումից հետո երկիրն ընդգրկվել է 2022 թ․-ին ՌԴ կառավարության կողմից հաստատված ոչ բարեկամական պետությունների ցանկում:

ajax-loader