Բաքուն ընդդիմանալու է շինարարությանը նույնիսկ Երևանում. Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ

Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն հանրապետության համար և ունակ են ապահովել նրա երկարաժամկետ և կայուն տնտեսական աճը, գտնվում են Բաքվի թիրախում: Այդ մասին հայտարարել է հանրապետության Լեռնահանքային ընկերությունների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջhանյանը՝ Տնտեսական լրագրողների ակումբում «ՀՀ տնտեսական զարգացման միտումները խոշոր հարկատուների տնտեսական բաշխման համատեքստում» թեմայի շուրջ քննարկման ժամանակ։

Ջանյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը «չի հարվածում» Հայաստան ներկրող ընկերություններին։ Մինչդեռ, հանքարդյունաբերությունն ու էներգետիկ արդյունաբերությունը Բաքվի տագնապի կիզակետում են։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ներմուծող ընկերությունները չեն ապահովում երկարաժամկետ կայուն զարգացում։

Փորձագետը հիշեցնում է, որ դեռևս 2022 թվականին Ադրբեջանը արշավ սկսեց Արցախի հանքարդյունաբերության դեմ ՝ Կաշենի հանքի մտացածին խնդրով, իսկ հետո, երբ իրենց թվաց, թե Արցախի հարցն արդեն փակված է, նրանք անցան նաև Հայաստանի ձեռնարկություններին, օրինակ՝ Լիդիան Արմենիային, որը պատրաստվում է վերագործարկման, և, նույնիսկ, Հայկական ԱԷԿ-ին։

«Ապագայում նույնիսկ Երեւանում ինչ-որ ձեռնարկություն կառուցելիս նրանք կարող են հայտարարել, թե այն աղտոտում է Արաքս թափվող գետերը, իսկ դա ազդում է Ադրբեջանի վրա»,- ասել է Ջանյանը:

Փորձագետը նշում է հետաքրքիր միտում: Այսպես, մինչև 2021 թվականի վերջն Ադրբեջանն այդքան ակտիվ չէր այդ հարցում։ Նրա կարծիքով՝ դա պայմանավորված է ան հանգամանքով, որ Հայաստանում շատ ավելի մեծ տնտեսական աճ է գրանցվում, քան՝ Ադրբեջանում։

«Եթե մինչև 2017-18 թվականները բացակայում էին Ադրբեջանի հետ տնտեսապես մրցակցելու Հայաստանի  ունակության վերաբերյալ մտավախությունները, ապա այժմ այդ վտանգն իրական է, որովհետև մենք գերազանցում ենք նրանց տնտեսական աճի տեմպերով, նույնիսկ, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ով: Բնականաբար, նրանք հասկանում են, որ դա ևս կհանգեցնի ռազմական նոր հավասարակշռության ձևավորմանը։ Դրա համար էլ նրանք հիմա հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ»,- եզրափակել է Հայաստանի լեռնահանքային ընկերությունների միության նախագահը։

2023-ի ամռանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր Երասխում սև մետաղների, ածխաքարերի, խողովակների վերամշակման և արտադրության մետալուրգիական գործարանի կառուցման մասին։ Գործարանի գործունեության դեմ ակտիվորեն հանդես էր գալիս Բաքուն։ Թշնամական ուժերը ձեռնարկությունը հետևողականորեն պահում էին ինտենսիվ կրակի տակ։ Կրակոցներից մեկի ժամանակ վիրավորվել են շինարարությունում աշխատող հնդիկ բանվորներ։ Գործի էին դրվել նաև, այսպես կոչված, բնապահպանները։ Մասնավորապես, հուլիսին Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես դիմել էր Հայաստանին ՝ պահանջելով դադարեցնել գործարանի շինարարությունը, քանի որ մետալուրգիական գործարանների աշխատանքը ճանաչվում է որպես գործունեության տեսակ, որը կարող է զգալի բացասական անդրսահմանային ազդեցություն առաջացնել: 2023 թվականի դեկտեմբերի 14-ին կառավարությունը որոշում է կայացրել գործարանը տեղափոխել Արարատի մարզի Արարատ գյուղ։ Արդյունքում GTB Steel ընկերությունը, որը ստիպված էր մետալուրգիական գործարանի նախագիծը Երասխից տեղափոխել Արարատ քաղաք, ՀՀ կառավարությունից ստացել է 3,5 մլրդ դրամի վարկ։

ajax-loader