ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն առաջիկայում կայցելի Զապորոժիեի ԱԷԿ, Կիև և Ռուսաստան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում կայցելի Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան, Կիև և Ռուսաստան։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Գրոսին հայտնել է, որ կղեկավարի Զապորոժիեի ԱԷԿ-ի անձնակազմի հերթական՝ 16-րդ ռոտացիան։

«Սա կլինի անձնակազմի 16-րդ ռոտացիան: Առավել կարևոր է, որ երբ ես այնտեղ լինեմ, կխոսեմ կայանի ղեկավարության, ռուսաստանյան ղեկավարության հետ», – նշել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը:

Գրոսին հավելել է, որ Ռուսաստան կուղևորվի «քաղաքական և տեխնիկական երկխոսություն» վարելու համար՝ ընդգծելով, որ առայժմ չի կարելի խոսել Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված իրադրության կայունացման մասին։

«Մեզ դիվանագիտություն է պետք: Ես դրանով էլ հենց զբաղվում եմ», – եզրափակել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։

Զապորոժիեի ԱԷԿ-ը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է և ունի վեց ՋՋԷՌ-1000 (ջրաջրային էլեկտրական ռեակտոր) էներգաբլոկ։ 2022 թ. սեպտեմբերի 11-ից կայանն էլեկտրաէներգիա չի արտադրում։ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում կայանն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։

ՄԱԳԱՏԷ-ի մի քանի մասնագետներ հերթափոխով հերթապահում են Զապորոժիեի ԱԷԿ-ում։ Մասնագետների վերջին ռոտացիան տեղի է ունեցել հունվարի 11-ին՝ 2022 թ. սեպտեմբերի 1-ից ի վեր 15-րդ անգամ։

ajax-loader